Համտեսի կարգը
Կոնյակը գնահատողներից մեկը նկատել է – «կոնյակը չեն խմում, այն վայելում են»:
Իսկապես, այս ազնվական խմիչքը ըստ արժանվույն գնահատելու համար բավական չէ միայն զգալ նրա համը, «վայելքի» ընթացքին պետք է ներգրավված լինեն բոլոր հինգ զգայարանները: Սա է պատճառը, որ կոնյակի համտեսը համարվում է արվեստ` իր ողջ խորհրդավորությամբ և բարդությամբ, որի վարպետության գագաթնակետը հասու է միայն սակավաթիվ ընտրյալների: Բայց, ամեն դեպքում, ինչու չփորձել համտեսել սիրելի կոնյակից մեկ գավաթ և փորձել այդ կոնյակի մեջ գտնել ինչ որ նոր բան: Եվ այսպես, թույլ տվեք ծանոթացնել Ձեզ համտեսի արարողության առանձնահատկություներին:
Թափանցիկ, կակաչանման բաժակի մեջ դանդաղ լցնում են մեկ բաժին (20-50մլ) կոնյակ: Որակյալ կոնյակը պետք է լինի թափանցիկ, այնպես որ բաժակի դրսի պատին թողնված մատնահետքը հակառակ կողմից լինի հստակ տեսանելի: Կոնյակի գունային գամման տատանվում է բաց ծղոտագույնի (երիտասարդ կոնյակներ) և մուգ սաթի գույնի (հնեցված կոնյակներ) միջև:
Սրանից հետո, փոքր ինչ թեքում են բաժակը, պտտում այն իր առանցքի շուրջը և նորից բերում ուղղահայաց դիրքի: Այս գործողության արդյունքում առաջացած կաթիլները և «ոտքերը», ծորալով բաժակի պատերի վրա ստեղծում են մի գեղեցիկ թագ: Որքան դանդաղ են ծորում կաթիլները և որքան հաստ են «ոտքերը», այնքան հին է կոնյակը:
Բուրմունքը գնահատելու համար, կոնյակը «ջերմացնում են»` բաժակը սահուն կերպով ձեռքի ափի մեջ պտտելով; Բուրմունքի առաջին «ալիքը» զգացվում է բաժակի եզրից 5սմ հեռավորության վրա. որպես կանոն այս ժամանակ զգացվում են վանիլինի նրբերանգներ: Երկրորդ «ալիքը» զգալու համար քիթը մոտեցնում են անմիջապես բաժակի եզրին. այս անգամ զգացվում են մրգի, փայտի և ծաղիկների երանգները ինչպես նաև արևելյան քաղցրավենիքի և ընկույզի բուրմունքը: Երրորդ «ալիքի» ժամանակ քիթը իջեցվում է բաժակի մեջ. այս ժամանակ զգացվում է «հնեցման» բուրմունքը, պորտվեյնի բարդ երանգները: Գոյություն ունի նաև չորրորդ «ալիքը» ` կոնյակ պարունակած դատարկ բաժակի արձակած բուրմունքը: Առավել հին կոնյակների բուրմունքը կարող է մնալ բաժակի մեջ մի քանի օրվա ընթացքում:
Կոնյակի համը զգալու համար կատարում են դանդաղ, փոքրիկ ումպ` թույլ տալով նրան «բացվել» բերանի մեջ և բացահայտել իր ողջ հիասքանչությունը: Կոնյակի փունջը բացվում է աստիճանաբար, նուրբ և թավշյա համը դառնում է հետադարձ համ, ինչը նույնպես թույլ է տալիս դատել կոնյակի տարիքի և որակի մասին: Որքան երկար է հետադարձ համը, այնքան հին է կոնյակը:
Եվ այսպես, հույս ունենք, որ մեր խորհուրդները կօգնեն Ձեզ ավելի մոտ ծանոթանալ համտեսի բարձր արվեստին և առավելագույնս հաճույք ստանալ սիրած կոնյակը վայելելիս: