NEWS.am-ի հարցազրույցը ԵԿԳ գործադիր տնօրենի հետ
NEWS.am-ի հարցազրույցը Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ
News.am. Պարոն Գրիգորյան, անցող 2009 թվականը տնտեսության համար դժվարին տարիներից մեկն էր, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդեություն ունեցավ նաեւ հայաստանյան ընկերությունների վրա։ Ինչպիսի՞ արդյունքներով է Երեւանի կոնյակի գործարանը ամփոփում անցնող տարին։
2009-ը իսկապես ընկերության համար բավականին բարդ էր։ Չնայած դեռ դեկտեմբերը, որը շատ խոստումնալից ամիս է, չի ավարտվել, բայց արդեն կարելի է ասել, որ տարին կամփոփենք մոտ 25 տոկոս վաճառքի անկումով։ Ռուսական շուկայում 2008 թվականին 3,4 մլն լիտր կոնյակ է վաճառվել, իսկ այս տարի, նոյեմբեր ամսվա վերջի դրությամբ` 2,5 մլն լիտրի վաճառք ենք ունեցել։ Չնայած դրան, տնտեսական ճգնաժամը նաեւ դրական ազդեցություն ունեցավ։ Շուկայում մեծացավ մրցակցությունը, եւ արդյունքում «Արարատ» ապրանքանիշի կոնյակները, հատկապես ռուսաստանյան շուկայում, ամրապնդեցին դիրքերը։ Օրինակ` մինչեւ ճգնաժամը ռուսական շուկայի հայկական կոնյակ կատեգորիայում «Արարատ»-ը ապահովում էր շուկայի մասնաբաժնի 29 տոկոսը, իսկ այժմ այդ թիվը հասել է 41 տոկոսի։ Սպառողները նվազեցին, բայց հայկական կոնյակ գնողների 41 տոկոսը նախընտրեց մեր կոնյակը գնել։ Այսինքն՝ սպառումը նվազեց, բայց տոկոսային հարաբերությամբ շուկայում մեր դիրքերն ամրապնդվեցին։ Ի դեպ ռուսական շուկան «Արարատ»-ի ամենամեծ շուկան է, որտեղ սպառվում է մեր արտադրանքի ավելի քանի 75 տոկոսը։
Ճգնաժամի պայմաններում հաջողվեց նաև ամրապնդել «Արարատ»-ի դիրքերը մեր գրեթե բոլոր այլ շուկաներում, ինչպես նաեւ նոր շուկաներ ձեռք բերել Արեւմտյան Եվրոպայում։ Այսպես, գործարանի կոնյակները սկսեցին վաճառվել գերմանական «Մետրո» ցանցում, հաջողվեց բավականին բարձր մակարդակի հասցնել մեր կոնյակի համբավը Հունգարիայում, արձանագրվեցին հաջողություններ նաև Չեխիայում։ Չնայած եվրոպական շուկաներում մեր դիրքերի ամրապնդման ուղղությամբ արձանագրած հաջողություններին, սպառման ծավալները, միեւնույնն է, դեռ գոհացուցիչ չեն։
Այս տարի ձեր ընկերությունը մթերեց մոտ 32 հազար տոննա խաղող, իսկ ինչքա՞ն եք նախատեսում մթերել հաջորդ տարի։
Այո, ի սկզբանե մտադիր էինք մթերել 30 հազար տոննա, բայց մթերեցինք մոտ 2 հազար տոննա ավելի։ Իրականում մենք մթերել ենք ուղիղ երկու անգամ ավելի շատ, քան մեզ անհրաժեշտ էր, և դրան կա մի քանի բացատրություն։ Նախ գյուղացիների հետ մենք կնքել ենք երկարաժամկետ պայմանագրեր, որոնց շրջանակներում ստանձնել ենք որոշակի պարտավորություններ, և բացի դրանից՝ սա սոցիալական պարտավորություն է մեզ համար` 5 հազար 2 հարյուր ընտանիքներ փաստորեն մեզ հետ էին հույս կապել։ Հարցի մեկ այլ, ոչ պակաս կարևոր կողմն է նաեւ ընկերության հեղինակությունը. ճիշտ է տնտեսական ճգնաժամ է, բայց մեր ընկերությունը տրանսատլանտյան «Պեռնո Ռիկար» ընկերության մի մաս է կազմում եւ իր ոլորտում ամենախոշորն է Հայաստանում։
Հաջորդ տարի կրկին նախատեսում ենք 30 հազար տոննա մթերել, բայց նախապես պետք է խաղողի պահպանման համար հավելյալ տարաներ եւ կաղնու նոր տակառներ ձեռք բերենք: Բանն այն է, որ առկա տարաները չեն բավականացնում` հատկապես, եթե տնտեսական ճգնաժամը չզիջի իր դիրքերը։ Սակայն որոշակի դրական միտումներ արդեն իսկ նկատվում են: Մի քանի ամիս դեռ դժվարություններ կլինեն, բայց արդեն խնդիրներն սկսել են կարգավորվել։
Պարոն Գրիգորյան, իսկ Հայաստանում գործարանի արտադրանքի սպառման ծավալները Ձեզ գոհացնո՞ւմ են։
Հայաստանի շուկան մի քիչ տարբերվում է։ Մարդիկ «Արարատ»-ի որակի մասին բարձր կարծիք ունեն, բայց միևնույն ժամանակ տեղական արտադրության որոշ այլ կոնյակներ վաճառվում են էապես ավելի ցածր գներով։ Այդ պատճառով էլ Հայաստանի շուկայում, որտեղ սպառողների մի մեծ զանգված ունեն ֆինանսական խնդիրներ, մենք որոշակի վերապահումով, բայց բավարար ենք գնահատում «Արարատ»-ի սպառման ծավալները:
Հայաստանում օրենսդրական մեխանիզմները բավարա՞ր են, որպեսզի կոնյակի արտադրության կանոնները խախտող արտադրողներին պատասխանատվության ենթարկեն։
Հայաստանի խանութներում կարելի է 5 տարեկան կոնյակներ տեսնել, որոնք վաճառվում են 900 դրամով։ Ինչպե՞ս կարող է 900 դրամով 5 տարեկան կոնյակ վաճառվել, երբ մեկ կիլոգրամ խաղողը մթերվում է 130 դրամով: Ակնհայտ է, որ 5 տարեկան կոնյակի պահպանման համար առնվազն 5 տարի է պետք, իսկ տարվա ընթացքում սպիրտը գոլորշիանում է, ինչը ստիպում է արտադրողին նույն տարիքի կոնյակի սպիրտ ավելացնել: Բացի դրանից արտադրական այլ խնդիրներ էլ կան, ինչի արդյունքում ծախսեր են ավելանում։ Այն օրենքը, որն այսօր գործում է, բնականաբար բավարար չէ, բայց իրականում որոշ արտադրողներ դա էլ չեն պահպանում։ Իմ կարծիքով, այդ գործարարներին պետք է պատժեն առաջին հերթին սպառողները՝ պարզապես անտեսելով այդ արտադրանքը։ Օրինակ՝ կոնյակի հայրենիք Ֆրանսիայում, եթե արտադրողը խախտի արտադրության չափանիշերի հարյուրավոր կետերից գեթ մեկը, նա ոչ միայն օրենքով խիստ պատասխանատվության կենթարկվի, այլեւ դրանից հետո պետք է մոռանա նույն գործով զբաղվելու հնարավորության մասին։ Հայաստանում այդպիսի մոտեցում չկա: Սպառողների մի ստվար զանգվածի համար առաջին հերթին կարեւոր է, որ պիտակին «հայկական կոնյակ» նշված լինի, իսկ թե պարունակությունն ինչ է, դրա մասին այդ սպառողները չեն մտահոգվում։
Այդ արտադրողները նաեւ արտահանում են կազմակերպում՝ առաջին հերթին հայկական կոնյակի համար ավանդական համարվող շուկաներ։ Ի՞նչ եք կարծում, պետությունը ինչ-որ կերպ փորձո՞ւմ է պահպանել հայկական կոնյակի համբավը, որի միջոցով են արտասահմանում շատերը ճանաչում Հայաստանը։ Ըստ Ձեզ՝ փաստորեն վտանգվում է Հայաստանի, որպես աշխարհում լավագույն կոնյակ արտադրող երկրի համբավը։
Ակնհայտ է, որ խնդիրն այսօր արդիական է: Այսօր Հայաստանում բոլոր ե՛ւ բարեխիղճ, ե՛ւ անբարեխիղճ արտադրողները գործում են մեկ կատեգորիայում, որի անունն է հայկական կոնյակ: Այս իրավիճակը մեծացնում է մեր ռիսկը: Փորձելով ապահովագրել մեզ այդ ռիսկից`մենք այժմ ակտիվ աշխատանք ենք տանում: «Արարատ»-ը գերհզոր ապրանքանիշ է, եւ որպեսզի այն կարողանանք պահպանել, շուկաներում ակտիվ աշխատանք է տարվում այն մյուս հայկական կոնյակներից տարբերակելու համար։
Պարոն Գրիգորյան, հասկանալի է, որ պետությունը չի ցանկանում ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարարների առջեւ տարբեր խոչընդոտներ ստեղծել, բայց փաստորեն այս դեպքում վտանգվում է Հայաստանի, որպես լավագույն կոնյակ արտադրող երկրի համբավը։
Ցավոք Հայաստանում որոշ գործարարներ երկարաժամկետ առումով չեն մտածում, այսօր նրանք խնդիր են դրել արագ եկամուտ վաստակել, բայց չեն մտածում, որ իրենց պատճառով պետությունը կարող է վաղը մեծ ֆինանսական կորուստներ ունենալ։ Խնդրով պետք է զբաղվեն պատկան մարմինները: Չէինք ցանկանա այդ ատյանների գործառույթները վերցնել մեզ վրա: Այսօր մենք խնդիր ունենք որ սպառողը քաջ գիտակցի և հստակ տարանջատի Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը՝ այլ հայկական կոնյակներից: Մենք աշխատում ենք պահպանել և զարգացնել աշխարհում հայտնի «Արարատ» ապրանքանիշի համբավը: Գտնում եմ, որ սա մեր ջանքերի շրջանակում է: Ինչ վերաբերում է «հայկական կոնյակ» կատեգորիայի համբավի պահպանմանը, ապա այստեղ, անշուշտ, առաջնայինը պետության դերն է:
Աղբյուրը` www.news.am
NEWS.am